Հիմնականում ինչի՞ց են ցավեր առաջանում որովայնի շրջանում

Որովայնի ցավերի դեպքում հարկավոր է առաջին հերթին պարզել դրանց առաջացման պատճառը: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ ցավոտ զգացողությունները կարող են պայմանավորված լինել տարբեր հիվանդություններով:Ընդ որում՝ ախտորոշման ժամանակ շատ մեծ նշանակություն են ունենում այնպիսի գործոնները, ինչպիսին են հիվանդի սեռը, տարիքը, կենսակերպը, սննդակարգի առանձնահատկություններն ու օրգանիզմի ընդհանուր վիճակը: Շատ կարևոր է նաև քրոնիկ հիվանդությունների առկայությունը: Հարկ է հիշել, որ կանանց, տղամարդկանց ու երեխաների դեպքում ախտանշանները տարբեր կերպ են դրսևորվում:

Առավել հաճախ որովայնի ցավերն անհանգստացնում են կանանց: Եթե ցավը շատ ուժեղ է, չի մեղմվում կամ ուղեկցվում է այլ ախտանշաններով, ապա հարկավոր է անմիջապես դիմել բժշկին: Առհասարակ որովայնի ցավերը չի կարելի անտեսել, քանի որ ճիշտ ախտորոշումը թույլ կտա ոչ միայն ազատվել տհաճ զգացողություններից, այլև խուսափել հետագայում խնդրի բարդացումից:

Կանանց ու տղամարդկանց բնորոշ ցավերի պատճառները

Ստամոքսի բորբոքում

Ստամոքսի բորբոքումը կամ ստամոքսի և տասներկումատնյա աղիքի քրոնիկ խոցային հիվանդությունը կարող է դառնալ սուր ցավերի պատճառ: Երբեմն ցավը կարող է մղկտուն լինել, իսկ երբեմն էլ՝ կծկումների նման:

Որդանման ելունի բորբոքում

Որդանման ելունի սուր բորբոքումը կարող է դառնալ որովայնի աջ կողմում առաջացող ցավոտ զգացողությունների պատճառ:Բացի այդ, այս վիճակին բնորոշ է նաև սրտխառնոցը, բարձր ջերմությունը և փսխումը:

Դիվերտիկուլիտ

Այս հիվանդության դեպքում, ի տարբերություն նախորդի, ցավոտ զգացողություններն առաջանում են որովայնի ձախ կողմում: Կարող նկատվել նաև ջերմության մի փոքր բարձրացում և թույլ սրտխառնոց:

Պիելոնեֆրիտ

Պիլեոնեֆրիտը կամ երիկամների բորբոքում, միզաքարային հիվանդության նման,կարող է դառնալ որովայնի ուժեղ,սուր ցավի պատճառ:

Ցիստիտ

Ցիստիտի ժամանակ միզելիս հիվանդին տանջում են որովայնի ստորին հատվածի ցավերը: Հիվանդին թվում է, թե միզապարկն անընդհատ լիքն է, իսկ այն դատարկելու ժամանակ առաջանում է ուժեղ այրոց:

Տղամարդկանց մոտ որովայնի ցավի պատճառները

Շագանակագեղձի սուր բորբոքման դեպքում ցավը կարող է տարածվել հետանցքի, գ ոտկատեղի և սրբոսկրի հատվածում: Բացի այդ, շագանակագեղձի սուր բորբոքման ժամանակ կարող են առաջանալ նաև որովայնի ցավեր, որոնք պայմանավորված են լինում ախտածին բակտերիաների առկայությամբ:

Կանանց մոտ որովայնի ցավերի պատճառները

Մեծ մասամբ կանանց անհանգստացնում են արգանդի և ձվարանների, ինչպես նաև արգանդափողերի և հեշտոցի բորբոքման դեպքում առաջացող ցավերը: Նման դեպքերում ցավը սովորաբար կենտրոնանում է որովայնի ստորին հատվածում և կարող է պայմանավորված լինել կպումներով, ադնեքսիտով, կոլպիտով և նույնիսկ արգանդի բարորակ ուռուցքներով կամ էնդոմետրիոզով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *