Գլխուղեղի անոթների անոթալայնանք (անևրիզմ): Հիվանդությունը դրսևորվում է զարկերակի պատերի ձգվածությամբ ու լայնացմամբ, որը հանգեցնում է այդ հատվածում արյան լճացման ու անոթի առաձգականության նվազման: Այս ամենի հետևանքով արտաքին ու ներքին գործոնների ազդեցության տակ անևրիզմը պայթում է, առաջանում է գլխուղեղի արյունազեղում, ինչը հանգեցնում է կաթվածի կամ անգամ մահվան:
Մասնագետների կարծիքով՝ հիվանդությունը մեծ մասամբ պայմանավորված է լինում ժառանգականությամբ: Բացի այդ, կանայք երկու անգամ ավելի հաճախ են բախվում այս խնդրին: Շատ մեծ նշանակություն ունեն նաև զարկերակային ճնշումը (որքան այն բարձր է, այնքան մեծ է ախտաբանության զարգացման հավանականությունը) և վատ սովորությունները (ծխախոտի և ալկոհոլի չարաշահման դեպքում մարդն ինքնաբերաբար հայտնվում է ռիսկային խմբում):
Մեծ մասամբ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում և հայտնաբերվում է պատահաբար պրոֆիլակտիկ զննման կամ որևէ այլ խնդրի համար անցկացվող բուժզննման ժամանակ: Անևրիզմի պայթելու դեպքում նկատվում են հետևյալ ախտանշանները.
- եթե պայթած անևրիզմի չափերը փոքր են, ապա միակ ախտանշանը կլինի պարանոցի թմրածությունն ու որոշակի կարծրությունը,
- անոթի վնասվելուց որոշ ժամանակ առաջ ի հայտ են գալիս սաստիկ գլխացավեր,
- կարող է նկատվել սրտխառնոց,
- հիվանդը կարող է կորցնել գիտակցությունը,
- նա սկսում է խուսափել վառ լույսից:
Հարկ է նշել, որ այս ախտանշաններն ի հայտ են գալիս միայն արյունազեղումից հետո,երբ կանխարգելիչ միջոցների համար արդեն ուշ է լինում և միայն կարելի է միջոցներ ձեռարկել հիվանդի կյանքը փրկելու համար: Հիվանդությունն ախտորոշելու ամենաարդյունավետ տարբերակները մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ու համակարգչային տոմոգրաֆիան են:
Խնդրի հայտնաբերման դեպքում բժիշկը գնահատում է անոթների վիճակն ու խնդրի լրջությունը:Եթե անևրիզմը մեծ չէ, ապա բավական կլինի, եթե հիվանդը պարբերաբար բուժզննում անցնի, սակայն լուրջ դեպքերում հաճախ նշանակվում է վիրահատական բուժում:
Ձվարանների քաղցկեղ
Սա կանանց մոտ ի հայտ եկող ամենատարածված չարորակ նորագոյացությունն է, որի առաջացման պատճառների շարքին են դասվում շրջակա միջավայրի աղտոտվածությունը, սննդակարգի առանձնահատկությունները, տարատեսակ քիմիական ու ֆիզիկական գործոնները: Բացի այդ, ռիսկային խմբում են նաև ժառանգական հակվածություն ունեցող կանայք, կրծքագեղձի քաղցկեղից տառապողները և երեխա չունեցողները:
Այս հիվանդության դեպքում խնդիրն այն է, որ դրան ուղեկցող ախտանշանները գրեթե արտահայտված չէն, ուստի կանայք հաճախ կարծում են, որ դրանք բորբոքման կամ նախադաշտանային համախտանիշի նշան են: Մեծ մասամբ կանայք դիմում են բժշկին այն ժամանակ, երբ ուռուցքը տարածվում է, իսկ որովայնային խոռոչում սկսում է հեղուկ կուտակվել:
Այս դեպքում հիմնական ախտանշանը լինում է որովայնի չափերի մեծացումը: Շատերի մոտ քաղցկեղն առաջանում է դաշտանադադարի ժամանակ, երբ կանայք բուժզննում անցնելն արդեն անիմաստ են համարում: Սակայն հարկ է հիշել, որ հիվանդությունը կարելի է հայտնաբերել հասարակ գինեկոլոգիական բուժզննման ժամանակ: Հիվանդության բուժման հիմնական մեթոդն ախտահարված օրգանների վիրահատական հեռացումն է:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որն ախտահարում է օրգանի բջիջները: Հիվանդության առաջացման պատճառ շատ հաճախ դառնում են գեղձի վրա առկա կիստաները, ինչպես նաև քրոնիկական պանկրեատիտը, շաքարային դիաբետը, ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը:
Այս հիվանդության ախտանշանները շատ հաճախ ակնհայտ չեն լինում, ինչի հետևանքով այն հայտնաբերվում է, երբ արդեն լինում է վերջին փուլում և ուռուցքն ախտահարած է լինում նաև մոտ գտնվող օրգանները: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին վկայող ախտանշան կարող է համարվել հանկարծակի շաքարային դիաբետի զարգացումը:
Բանն այն է, որ բացի մարսողական ֆերմենտներից այս օրգանն արտադրում է նաև ինսուլին հորմոնը, որը պատասխանատու է օրգանիզմի կողմից շաքարի յուրացման համար: Եթե գեղձն ախտահարվում է քաղցկեղի բջիջներով, ինսուլինի արտադրությունը դանդաղում է կամ առհասարակ այն դադարում է արտադրվել:
Այս ամենի հետևանքով արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, ինչն էլ հանգեցնում է շաքարային դիաբետի առաջացման: Հիվանդության ախտորոշման հիմնական և միակ հստակ միջոցը որովայնային խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունն է: