Տարբերում են մաշկի հետևյալ տեսակները.
- Նորմալ,
- Չոր,
Յուղոտ(Պրոբլեմատիկ), - Կոմբինացված (Խառը),
Հասկանալու համար, թե որ տեսակին է պատկանում Ձեր մաշկը, ծանոթանանք դրանցից յուրաքանչյուրին.
Նորմալ մաշկ
Այս տեսակի մաշկը մեծերի մոտ հազվադեպ է հանդիպում, այն կարելի է տեսնել հիմնականում երեխաների մոտ:
Նորմալ մաշկն ունի վարդագույն երանգ, փափուկ է, հարթ, մաքուր, էլաստիկ: Այն թարմ տեսք ունի, գրեթե անփայլ է, չկան կարմիր հետքեր կամ բորբոքման օջախներ, սև կետեր, կորյակներ կամ թարախաբշտեր:
Շատ կանայք են երազում ունենալ նորմալ մաշկ , որի ամենակարեվոր հատկությունն առաձգականությունն է: Մաշկի այս տեսակը գործնականում անհանգստություն չի պատճառում , լավ է տանում շոգը, ցուրտն ու քամին: Օճառով լվացվելուց հետո չի ձգվում ու թեփոտվում: Շատերը կարծում են, թե նորմալ մաշկը խնամքի կարիք չունի, բայց դա այդպես չէ:
Արտաքին տարբեր գործոններն, ինչպես օրինակ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթները,աղտոտված օդը խիստ ազդում են մաշկի վրա: Տարիքի հետ մաշկային ճարպի արտազատումը նվազում է, իսկ մաշկը ջրազրկվում: Ժամանակի ընթացքում այն կարող է դառնալ չոր կամ ավելի յուղոտ: Ուստի, եթե Ձեզ բախտ է վիճակվել ունենալ նորմալ մաշկ, մի զլացեք ճիշտ խնամել այն: Դիմակները շատ կարևոր են դեմքի մաշկի լրացուցիչ խնամքի համար: Դուք կարող եք տնային պայմաններում պատրաստել դիմակներ նորմալ մաշկի համար:
Չոր մաշկ
Ի տարբերություն նորմալ մաշկի, չոր մաշկ գրեթե չի հանդիպում երեխաների եվ պատանիների մոտ, բացառությամբ որոշ դեպքերի: Չոր մաշկն ունի վարդագույն- դեղնավուն երանգ, այն բարակ է, նուրբ, մանր ծակոտիներով, ունի թեփոտման հակում: Երիտասարդ տարիքում չոր մաշկը լավ տեսք ունի՝ բացակայում են յուղոտ փայլը, կորյակներն ու պզուկները: Բայց կան նաեվ թերություններ՝ նրա վրա հեշտ են հայտնվում մանր կնճիռներ ու խորը ծալքեր:
Չոր մաշկը հիվանդագին է արձագանքում օճառով լվացվելուն, որից հետո առաջանում է ձգվածության զգացում: Ցուրտ եվ քամոտ եղանակին կարող են դիտվել կարմրություն ու թեփոտում: Մաշկի այս տեսակը մանրակրկիտ խնամք է պահանջում, բայց քանի որ այն հիմնականում զգայուն է, կարող է շատ սուր արձագանքել ոչ ճիշտ ընտրված խնամքի միջոցներին:
Չոր մաշկը հակված է վաղաժամ ծերացման, ուստի այն կարիք ունի մշտական խոնավեցման: Այստեղ շատ կարեվոր է չափը չանցնել: Պետք չէ օգտագործել յուղոտ և ծանր կրեմներ. մաշկը շատ արագ վարժվում է դրանց՝ դադարելով ինքնուրույն խոնավանալ եվ ճարպ արտազատել: Ավելի լավ է օգտագործեք թեթև խոնավեցնող միջոցներ: Մի մոռացեք կիրառել նաև տնային պայմաններում պատրաստված դիմակներ չոր եվ թեփոտվող մաշկի համար:
Յուղոտ մաշկ
Յուղոտ մաշկը հանդիպում է հիմնականում երիտասարդների մոտ՝ սեռահասունացման շրջանում եվ մոտ 10% մեծահասակների մոտ: Այն հողագույն է, փայլուն եվ յուղոտ: Ավելի հաճախ դիտվում է դեմքի կենտրոնական հատվածում՝ ճակատի,քթի, կզակի շրջանում: Յուղոտ մաշկին բնորոշ են լայնացած ծակոտիները, այն հաճախ է պատվում ցանով:
Սա մաշկի ամենապրոբլեմատիկ տեսակն է եվ հաճախ լուրջ անհանգստության պատճառ է դառնում երիտասարդների շրջանում: Յուղոտ մաշկի վրա հաճախ հայտնվում են տարբեր կոշտացումներ եվ թարախաբշտեր: Քթի եվ կզակի վրա լինում են սև կետեր, դեմքը կոպիտ եվ կեղտոտ տեսք է ստանում:
Բայց այն ունի նաեվ դրական կողմեր, մաշկային ճարպի ավելցուկը պաշտպանում է մաշկը չորացումից, այն հնարավորինս երկար է մնում հարթ եվ առաձգական: Յուղոտ մաշկով մարդկանց մոտ կնճիռներն ու ծերության մյուս նշանները շատ ավելի ուշ են հայտնվում քան մյուսների մոտ:
Փորձեք կատարել այս հասարակ թեստը:Առավոտյան մինչեվ լվացվելը դեմքն ամբողջությամբ ծածկեք անձեռոցիկով եվ մի փոքր սեղմեք: Եթե անձեռոցիկի վրա հետքերը հայտնվեցին կենտրոնական մասում՝ համապատասխանաբար ճակատին, քթին, կզակին հարող հատվածներում,ապա ձեր մաշկն ավելի շուտ խառն է՝կոմբինացված:Իսկ եթե նման հետքեր կան նաեվ այտերին հարող հատվածներում, ապա այն յուղոտ է: Այս դեպքում ձեզ պետք են դիմակներ յուղոտ եվ պրոբլեմատիկ մաշկի համար:
Կոմբինացված մաշկ
Կոմբինացված կամ ինչպես այլ կերպ ասում են՝ խառը մաշկը, ներառում է երկու տեսակ: Դա չոր կամ երբեմն նույնիսկ նորմալ մաշկն է այտերի շրջանում եվ ավելի յուղոտն է՝ T-զոնայում (ճակատ, քիթ, կզակ): Մաշկի այս տեսակն ամենատարածվածն է:
Կոմբինացված մաշկն առողջ եվ բավական հարթ տեսք ունի, բայց նրա խնամքը հատուկ ջանքեր է պահանջում, քանի որ այն պետք է խնամել ինչպես երկու տեսակի մաշկը: Չոր և յուղոտ հատվածների միջև մեծ տարբերությունը դժվարեցնում է մաշկի խնամքի միջոցների ընտրությունը: Բայց ներկայումս շատ ընկերություններ առաջարկում են խնամքի միջոցներ հատուկ կոմբինացված եվ խառը մաշկի համար: Դուք կարող եք նաև տանը պատրաստել բնական հումքով դիմակներ կոմբինացված մաշկի համար : Հասուն տարիքում խառը տեսակի մաշկը կարող է փոխվել՝ դառնալով նորմալ: